Artsakhpress

Քաղաքական

Բաքվի ջարդերը և Արցախի հայության էքզիստենցիալ անվտանգության պահպանվող խնդիրը

Հունվարի 13-ին լրացավ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը: Երեք տասնամյակ առաջ՝ 1990թ.-ին Բաքվի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությունների, որի արդյունքում քաղաքի շուրջ 250 հազար հայ բնակչությունն ունեզրկվեց և տեղահանվեց, սպանվեց մի քանի հարյուր հայ, իսկ հազարավոր քաղաքացիներ համարվում են անհայտ կորած:

Բաքվի ջարդերը և Արցախի հայության էքզիստենցիալ անվտանգության պահպանվող խնդիրը

Բաքվի ջարդերը և Արցախի հայության էքզիստենցիալ անվտանգության պահպանվող խնդիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթում, Կիրովաբադում հայերի կոտորածներից հետո, Բաքվի հայության շրջանում թեև առկա էր անհանգստություն, սակայն քչերը կարող էին պատկերացնել, որ ադրբեջանական կողմը երկրի մայրաքաղաքում կգնա նման բացահայտ և կազմակերպված ոճրագործության: Այն, որ Բաքվի ջարդերը կազմակերպված էին բավական մանրակրկտորեն, այսօր գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ականատեսների և լրագրողների բազմաթիվ վկայությունները, ջարդարարների մոտ Բաքվի հայերի անձնական տվյալներով ցուցակների առկայության մասին, փաստում են, որ Բաքվի հայաթափման գործողությունը եղել է ուղղորդված և հստակ ծրագրված՝ պետական տարբեր ծառայությունների ներգրավմամբ: 
Ոճրագործության մասշտաբները և անմարդկային դրսևորումներն անտարբեր չթողեցին նաև միջազգային հանրությանը: Եվրոպական խորհրդարանը, միջազգային հեղինակավոր պարբերականներն անդրադարձան Բաքվի հայության ջարդերին, սակայն այդ արձագանքը բավարար չէր Ադրբեջանին զսպելու համար:
Եվ ինչպես և կարելի էր կանխատեսել, Ադրբեջանի ռասիստական և հակահայկական այս գործելաոճը շարունակվեց՝ նոր դրսևորումներ ստանալով 1991թ.  Գետաշենում ու Մարտունաշենում, 1992թ. Մարաղայում: Ադրբեջանը հայաթափելուց և 1994թ. հրադադարի համաձայնագրից հետո ևս ադրբեջանական իշխանությունները չհրաժարվեցին հայատյացությունից՝ այն դարձնելով ազգային կոնսոլիդացիայի հիմք և պաշտոնական քարոզչության առանցք: Տարիներ շարունակ քարոզվող հայատյացության հետևանք էին թերևս 2004թ. Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով, 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայ զինծառայողների գլխատումների դեպքերը, Թալիշում անօգնական տարեցների խոշտանգումները և սպանությունը, տարբեր տարիներին շփոթմունքի արդյունքում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների խոշտանգումների և սպանությունների դեպքերը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այս ոճրագործությունների հեղինակները շատ հաճախ ադրբեջանական իշխանությունների կողմից հերոսացվում էին՝ արժանանալով պետական տարբեր շնորհների:
Այս ամենը, թերևս, վկայում է, որ այն հայատյացությունը, որ տիրում էր Բաքվում 30 տարի առաջ, այսօր ոչ միայն շարունակում է պահպանվել, այլ ավելի է սաստկացել, և այսօր Ադրբեջանում, հատկապես՝ երիտասարդության շրջանում (որը չունի հայերի հետ համակեցության և շփման փորձ) ստեղծվել է թշնամու կերպար՝ ի դեմս հայերի: Այս անառողջ մթնոլորտը և Ադրբեջանում առկա ռևանշիստական տրամադրություններն, իհարկե, լրջագույն սպառնալիքներ են Արցախի հայության ֆիզիկական անվտանգության համար: Թերևս պատահական չէ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում թե Երևանը, թե Ստեփանակերտը շեշտադրում են Արցախի բնակչության էքզիստենցիալ անվտանգության խնդիրը: Նախորդ տարվա դեկտեմբերին Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը, հստակ ամրագրեց. «Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թթ․ և 2016թ.-ին»:
Հատկանշական է, նաև, որ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը աչքի ընկավ ոգեկոչման և հիշատակման մի շարք միջոցառումներով ինչպես Հայաստանում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ, այնպես էլ արտերկրում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և համայնքային կառույցների ակտիվ դերակատարմամբ:
Բաքվի ջարդերի և Ադրբեջանում հայատյացության նմանատիպ այլ դրսևորումների նկատմամբ նման մեծ ուշադրությունն առավել քան հիմնավոր է և անհրաժեշտ: Նման ոճրագործությունների բարձրաձայնումը և դրանց մասին միջազգային իրազեկվածության բարձրացումը կարևոր է  հետագայում նմանատիպ ոճիրների կրկնությունը բացառելու, Արցախի բնակչության էքզիստենցիալ անվտանգության ապահովման խնդիրն ընդգծելու և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում «վերադարձ անցյալին» բանաձևը մեկընդմիշտ բացառելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -68-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Կասպից ծովն առափնյա հատվածներում կարմրել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն

Search