ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը «Արահետներ փոփոխության համար» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է «Ճանապարհ թրեյլ» համաարցախյան էկոտուրիստական արահետի, ինչպես նաև այլ քայլուղիների զարգացման աշխատանքներ, որոնք ընդգրկում են բարեկարգման, գծանշման, որոշ հատվածներում` քայլուղիների փոփոխության և նոր արահետների նորոգման աշխատանքներ:
Արցախում էկոտուրիզմի զարգացմանը կնպաստեն բարեկարգ արահետները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով այն ստեղծում է բարենպաստ պայմաններ ակտիվ զբոսաշրջություն նախընտրողների համար և անցնում է Արցախի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերի տարածքով, գեղատեսիլ վայրերով ու գյուղերով։ «2019 թվականի դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի տարածքում։ Ծարի վիմային արահետը հին արահետ է, որն սկսվում է Ծար գյուղից և հասնում Քարվաճառ-Ջերմաջուր մայրուղի:
Նորաստեղծ քայլուղին բարենպաստ պայմաններ կստեղծի ակտիվ զբոսաշրջություն նախընտրող Արցախ այցելած զբոսաշրջիկների համար: «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի աշխատանքային խումբը նաև արահետի տեխնիկական տվյալների ճշգրտման և հավաքագրման աշխատանքներ է իրականացրել Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում գտնվող «Ուլուբաբ» կոչվող տեղանքում՝ Սուրբ Գևորգ վանքի շրջակայքում: Վերոհիշյալ աշխատանքներն իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան՝ ոլորտի փորձառու և մասնագիտացված թիմի կոորդինացմամբ: Հիմնական աշխատանքները կարելի է համարել ավարտված: Հետագայում նախատեսվում են համալիր աշխատանքներ իրականացնել նաև այլ վայրերում:
Զբոսաշրջիկների համար պետք է ստեղծվեն բավականին անվտանգ ու հետաքրքիր արահետներ: «Ճանապարհ թրեյլ» համաարցախյան էկոտուրիստական արահետի, ինչպես նաև այլ քայլուղիների զարգացման աշխատանքները իրականացվում են ոչ միայն պետական, այլ նաև հովանավորչական միջոցներով: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու յուրաքանչյուր շահառուի հետ»,-մասնավորապես ասել է նա: