ԱՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակից քաղաքացիների վճարված սոցիալական վճարների գումարների վերահաշվարկի գործընթացը:
Մեկնարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին սոցիալական վճարների վերադարձի գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ եթե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը եկամուտ է ստանում միաժամանակ մեկից ավելի աղբյուրներից, և ստացվող համախառն եկամուտը (աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ, քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ) գերազանցում է ամսական 500 000 դրամը, ապա առաջանում է մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարների գերավճար (12500 դրամը գերազանցող մասով), որը ենթակա է վերադարձման մասնակցին` բանկային փոխանցման միջոցով: Առաջին անգամ գերավճար առաջանալու դեպքում հարկային մարմինը այդ մասին ծանուցում է մասնակցին` նշելով գերավճարի չափը և մասնակցի կողմից իր բանկային տվյալները հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը:
Ծանուցումը ստանալուց հետո մասնակիցը պետք է հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանում ներկայացնի իր բանկային տվյալները` ծանուցման հետ միասին: Մասնակցի բանկային տվյալները ստանալուց հետո հարկային մարմինը վճարման հանձնարարական է ուղարկում կենտրոնական գանձապետարան, և գումարը փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին: Հետագայում նույն մասնակցի համար սոցիալական վճարի գերավճար առաջանալու դեպքում գումարը մասնակցի բանկային հաշվին է փոխանցվում առանց լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու:
2019թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ նախարարությունը ծանուցումներ է ներկայացրել թվով 220 քաղաքացիների, որոնցից 70-ը արդեն իսկ ներկայացրել են բանկային հաշիվները և ստացել սոցիալական վճարի ավել վճարված մասը, իսկ մյուս քաղաքացիներին այդ գումարները կվերադարձվեն բանկային հաշիների վերաբերյալ տվյալները ներկայացվելուց հետո:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-: