Artsakhpress

Հարցազրույց

Այսօր խոսքի ազատություն է, բայց մամուլի նկատմամբ վերապահ վերաբերմունքն ավելի է գերիշխում. Վահրամ Աթանեսյան

Այսօր վաստակաշատ լրագրող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի ծննդյան 60-ամյակն է:

Այսօր խոսքի ազատություն է, բայց մամուլի նկատմամբ վերապահ վերաբերմունքն ավելի է գերիշխում. Վահրամ Աթանեսյան

Այսօր խոսքի ազատություն է, բայց մամուլի նկատմամբ վերապահ վերաբերմունքն ավելի է գերիշխում. Վահրամ Աթանեսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ առթիվ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Վ.Աթանեսյանի հետ:
 
Պարոն Աթանեսյան, շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը և հղում մեր առաջին հարցը:
-Ձեր լրագրողական գործունեությունը համընկել է թե՛ խորհրդային և թե՛ անկախության շրջանի հետ: Հետաքրքիր է՝ ո՞րն է այդ երկու շրջանների էական տարբերությունը:

- Երբ ես պրոֆեսիոնալ ժուռնալիստիկա մտա, խորհրդային իրականությունն արդեն վերափոխված էր, նոր՝ գորբաչովյան «պերեստրոյկայի» եւ մեր ազգային զարթոնքի ժամանակներ էին: Այդուհանդերձ, մամուլը պահանջված էր, պատասխանատու եւ ազդեցիկ: Այսօր խոսքի կատարյալ ազատություն է, բայց, ցավոք, մամուլի նկատմամբ վերապահ վերաբերմունքն ավելի է գերիշխում: Դրանում, երեւի, մենք էլ պատասխանատվության մեր բաժինն ունենք:

-Վաստակավոր լրագրողի կեսնագրությունը ի՞նչ է ավելի շատ հուշում, ինչպիսի՞ն պետք է լինի մեր ժամանակի, կամ գուցե բոլոր ժամանակների լրագրողը:

-Ես վաստակավոր չեմ, որովհետեւ շարունակում եմ ժուռնալիստիկան կենսակերպ համարել, ապրել դրանով: Կոչումով վաստակավորները հանգստի կոչվածներն են, անելիք չունեն: Իսկ տարբերություն չկա՝ ի՞նչ ժամանակ է, լրագրողը պետք է ընդդիմություն լինի անգամ ինքն իրեն: Եթե այդպես չէ, նա վերածվում է քարոզչի, խոսափողի:

-Դուք նաև քաղաքական բուռն գործունեություն եք ծավալել: Հե՞շտ էր, արդյոք, միշտ ազնիվ լինելը, չէ՞ որ քաղաքականությունը երբեմն անցնում է բոլոր սահմանները:

-Քաղաքական գործչի իմ կերպարի մասին թող դատվի այն չափանիշով, որ ինձ հավասարապես չեն սիրել ե´ւ յուրայինները, ե´ւ մյուսները: Կարծում եմ՝ դա ամենալավ գնահատականն է:

-Քաղաքականություն և լրագրություն: Այս երկու մասնագիտությունները կարծես թե ամենաշատն են իրար հետ շաղկապված: Պատահական չէ, որ լրագրողները հաճախ են քաղաքական գործիչներ դառնում, ՀՀ Վարչապետի օրինակն այս առումով ամենաթարմն է:Դուք՝ որպես երկու ճանապարհներն անցած անհատականություն, որքանո՞վ էք համադրելի:

-Դա առավելություն չէ, պարտադրանք է: Եթե անկախության Շարժումն ունենար պրոֆեսիոնալ քաղաքագետ առաջնորդներ, Լեւոն Տեր-Պետրոսյանի մակարդակի գիտնականը չէր մտնի քաղաքականություն: Ոչ էլ՝ Վանո Սիրադեղյանը կամ Վազգեն Սարգսյանը: Կշարունակեին գիտնականի, գրողի իրենց գործը, իրենց պատմության դատաստանին չէին մատնի: Նույնը՝ վարչապետ Փաշինյանի պարագայում: Թող սնապարծություն չթվա, ինձ չեմ համեմատում պետական խոշոր գործիչների հետ, բայց եթե 1999-2000 թվականների՝ արմատական փոփոխությունների այդ փուլում ուրիշ մեկը գտնվեր ու կանգներ երկրի ժողովրդավարացման շարժման առաջնագծում, ես քաղաքականություն չէի մտնի: Ինձ խոստումնալից եւ ապահով առաջարկ էին արել՝ վերապատրաստում անցնել «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում եւ մշտապես հաստատվել այնտեղ: Գերադասեցի պատգամավորի թեկնածու առաջադրվել: Ընտրվեցի, տասնհինգ տարի գլխավորեցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Եւ հասկացա, որ հեռանալու ժամանակն է՝ հուսալով, որ ամբողջական սերնդափոխություն կլինի: Չստացվեց եւ պիտի հուսամ, որ գալիք ընտրություններով կփակվի մի պատմա-քաղաքական էպոխա, եւ բացվի նորը: 
             
                                                                              Հարցազրույցը վարեց Վեհանուշ Հովսեփյանը

Ինքնակենսագրություն-ծնվել եմ 1959թ. դեկտեմբերի 7-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում: 1977թ. գերազանցությամբ ավատել եմ Առաջաձորի միջն. դպրոցը, 1981թ.-ին՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը: 1981-89թ.թ. հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, տնօրենի արտադասարական եւ արտադպրոցական աշխատանքների կազմակերպման գծով տեղակալ եմ աշխատել Առաջաձորի միջն. դպրոցում: 1969թ. նոյեմբերի 1-ին նշանակվել եմ ,,Խորհրդային Ղարաբաղ,, թերթի սեփական թղթակից Մարտակերտի շրջանում: Նույն տարվա օգոստոսին ընտրվել եմ ԼՂԻՄ Ազգային խորհրդի անդամ, մասնակցել ԼՂԻՄ Ազգային խորհրդի եւ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ նույն տարվա դեկտեմբերի 1-ի նիստին, որտեղ ընդունվել է ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին միավորելու որոշումը: 1990թ. մայիսի 20-ին ընտրվել եմ առաջին գումարման ՀՀ ԳԽ պատգամավոր, առաջին նստաշրջանում՝ լրատվության հարցերի հանձնաժողովի, ապա Արցախի հարցով հատուկ հանձնաժողովի անդամ: Պատգամավորությունը համատեղել եմ լրագրողական աշխատանքի հետ՝ մնալով հանրապետական թերթի քաղաքական մեկնաբան: 1994թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին աշխատել եմ ԼՂՀ Լրատվության եւ մամուլի դեպարտամենտում՝ որպես տեղեկատվական վերլուծության բաժնի պետ: 1995 թ. հունվարից մինչեւ 1996թ. դեկտեմբեր ծառայել եմ որպես Պաշտպանության բանակի ,,Մարտիկ,, պաշտոնաթերթի խմբագիր, իսկ 1996 թ. դեկտեմբերի 26 –ից մինչեւ 1997թ. մարտի 16-ը՝ որպես N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ: 1997թ. հունիսին արձակվել եմ պահեստազոր՝ ավագ լեյտենանտի զինվորական կոչումով եւ կրկին աշխատանքի անցել հանրապետական թերթում՝ որպես թղթակից: 1998թ. սեպտեմբերին նշանակվել եմ ,,Ազատություն,, ռադիոկայանի թղթակից Ստեփանակերտում եւ աշխատել մինչեւ 2000թ. հունիս ամիսը: Նույն տարում, ապա 2005 եւ 2010 թվականներին ընտրվել եմ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, անընդմեջ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ: 2015թ. մայիսից առ այս պահը մշտական աշխատանք չունեմ, զբաղվում եմ վերլուծաբանական եւ լրագրողական աշխատանքով: Արժանացել եմ ԼՂՀ Գրողների միության Եղիշեի անվան մրցանակի, ԼՂՀ ,,Մխիթար Գոշ,, մեդալի: Ամուսնացած եմ, ունեմ դուստր եւ որդի, չորս թոռ: Կինս՝ Ժենյա Պողոսյանը հայոց լեզվի դասախոս է ԱրՊՀ-ում: Դուստրս՝ Տաթեւիկ Աթանեսյանը, բնակվում է Երեւանում, ամուսնացած է Վաչագան Ալեյանի հետ: Որդիս՝ Տիրան Աթանեսյանը, աշխատում է ԼՂՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում՝ որպես գլխավոր մասնագետ-իրավաբան: Հարսս՝ Մարիա Աթանեսյանը, աշխատում է ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում՝ որպես առաջատար մասնագետ-իրավաբան: Թոռս՝ Վահրամ Աթանեսյանը, սովորում է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի 5-րդ դասարանում: Թոռս՝ Գոռ Աթանեսյանը, սովորում է նույն դպրոցի առաջին դասարանում: Թոռս՝ Գոհար Ալեյանը, սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի առաջին դասարանում: Թոռս՝ Հայկ Աթանեսյանը ընտանեկան խնամքի տակ է:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search