ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Ֆրանսիական մի շարք կազմակերպություններ Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքրություն են հայտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացումը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:
Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հաջողություններին և ձեռքբերումներին: Քննարկվել է ֆրանսիական կապիտալով Հայաստանում առկա ընկերությունների գործունեությունը: Ժոնաթան Լաքոտը նշել է, որ ֆրանսիական մի շարք կազմակերպություններ ևս Հայաստանում ներդրումներ ունենալու հարցում հետաքրքրություն են հայտնել:
Փոխվարչապետը ողջունել է Հայաստանում գործունեության ծավալման հնարավոր նոր ֆրանսիական կազմակերպություններ ունենալու գաղափարը և ընդգծել, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում մեր երկրում առավել բարենպաստ բիզնես միջավայր և ճիշտ գործարար մշակույթ զարգացնելու ուղղությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: