Artsakhpress

Հարցազրույց

Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին Արցախ կատարած առաջին այցից հետո ադրբեջանական կողմից ստացած «սև ցուցակ»-ում հայտնվելու զգուշացումները չեն վախեցրել, նա երկրորդ անգամ էլ կայցելի, բայց արդեն վստահ է`Արցախը հիանալի է:

Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերգն Արցախում զարգացման մեծ ներուժ է տեսնում, պատրաստվում է նաև Արցախի հարցը բարձրացնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերութունների հանձնաժողովում, որի անդամ է: Նա համոզված է ինքն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ պետք է կանգնեն Արցախի ժողովրդի կողքին:«Արմենպրես»-ը այս և այլ հարցերի մասին զրուցել է վերջերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի անդամ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Լարս Պատրիկ Բերգի հետ:
-Պարոն Պատրիկ Բերգ, գիտեմ, որ դեռ երկու տարի առաջ Արցախ եք այցելել, բավականին հանդիպումներ  ունեցել: Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսել Արցախում:
-Ես կարծում եմ, որ Արցախը մեծ ներուժ ունի՝ տուրիզմի, գյուղատնտեսության, հատկապես օրգանիկ գյուղատնտեսության (գինի, մրգեր, բանջարեղեն) ոլորտներում: Նախորդ անգամ ես Արցախում եմ եղել 2 տարի առաջ: Այցի ընթացքում հանդիպել եմ մի քանի ձեռներեցների, որոնք արտադրում էին գինի, աճեցնում օրգանական բանջարեղեն: Կարծում եմ, որ դա մեծ շուկա է, և պետք է դրան օժանդակել, քանի որ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ երկրներում մարդիկ իսկապես շատ են սիրում գումար ծախսել օրգանական սննդի վրա: Արցախը գեղեցիկ երկիր է՝  լեռներով, հին վանքերով, պատմությամբ, հիանալի մարդկանցով: Այսպիսով՝ ես կարծում եմ, որ սա ևս Եվրոպական խորհրդարանի կողմից քննարկման թեմա կլինի՝ զբոսաշրջության ոլորտում լավ համագործակցություն ստեղծելու համար: Արցախում քրիստոնյաները հավատում են՝ առանց բացասական վերաբերվելու այն մարդկանց, ովքեր այլ հավատք ունեն: Կարծում եմ, որ Արցախն ամրոցի է նման, և մենք պետք է աջակցենք Արցախի բարեփոխումներին: Ինչ վերաբերում է Գերմանիային, թեև ես Բունդեսթագի անդամ չեմ, սակայն կարծում եմ, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարևոր է Գերմանիայի համար: Աշխարհաքաղաքական տեսակետից այն գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում: Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպան պետք է նպաստի խաղաղ բանակցություններին՝ կարգավորելու հակամարտությունը, որը գոյություն ունի Արցախի տարածաշրջանում, և վերջ տալու Թուրքիայից եկող լարվածությանը: Կարծում եմ, որ կարևոր է տարածաշրջանում նպաստել խաղաղ գործողություններին, երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծել:
-Խոսեցիք հակամարտությունից, այս առիթով ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն շեշտադրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար, սակայն մենք դեռ համապատասխան արձագանք չենք լսել ադրբեջանական կողմից: Ի՞նչ կասեք այս առումով:
-Իմ անձնական կարծիքով` երբեմն որոշակի ժամանակ է պահանջվում՝ գտնելու երկարատև լուծում, շատ բանակցություններ և վստահություն է պետք: Եթե վստահություն չկա, ապա շատ դժվար է: Եվ բավականին երկար ժամանակ է պահանջվում՝ լուծելու այս հակամարտությունը: Եվ ես կարծում եմ, որ վարչապետը իսկապես իրավացի է, լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, հակառակ դեպքում խաղաղություն չի լինի:
-Ադրբեջանը հաճախ Արցախ այցելած միջազգային պաշտոնյաներին գցում է, այսպես ասած, «սև ցուցակ», դուք Արցախ այցելելիս որևէ կաշկանդվածություն, վախեր չե՞ք ունեցել արդյոք:
-Երկու տարի առաջ, երբ Արցախից վերադարձա, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից նամակ ստացա, նա Բադեն Վուրթեմբերգի խորհրդարանի նախագահին դժգոհել էր իմ՝ Արցախ այցի կապակցությամբ և նշել էր, որ ես «սև ցուցակում» կհայտնվեմ և չեմ կարող այլևս Ադրբեջան մուտք գործել: Ես չեմ պատասխանել այդ նամակին՝ չցանկանալով սրել վիճակը: Բայց ես չեմ վախեցել Արցախ գալուց, դա շատ ապահով ճամփորդություն էր, ես հանդիպել եմ շատ հիանալի մարդկանց, պաշտոնյաների, Արցախի նախագահին, որը շատ հմուտ և տաղանդավոր մարդ է, արտաքին գործերի նախարարին, ուսանողների: Եվ շատ կարևոր է գտնել խաղաղ, երկարատև լուծում՝ այս բարդ հակամարտության համար, որը օգտակար կլինի բոլոր կողմերի համար: Եվ մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Ես եղել եմ Ստեփանակերտում, այն շատ խաղաղ ու շատ գեղեցիկ քաղաք է: Եղել եմ նաև Մարտակերտում, հանդիպել եմ մարդկանց, եղել եմ նաև մարտական դիրքերից ոչ շատ հեռու: Եվ ես շատ եմ ցավում այն մարդկանց, այն երեխաների ու կանանց, ընտանիքների համար, ովքեր ստիպված են այդ փորձությունների միջով անցնել: Շատ կարևոր է գտնել խաղաղ,երկարատև լուծում: Եվ կցանկանայի աջակցել, ես վարչապետ չեմ, Եվրոպական խորհրդարանի նախագահը չեմ, պարզապես խորհրդարանի սովորական անդամ եմ, սակայն ես կցանկանայի բարձրացնել Արցախի հարցը խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Եվ հետո կտեսնենք, թե դրան ինչ կհաջորդի: Ես շատ դրական եմ տրամադրված:
-Դուք Արցախում, կարծեք թե, շատ բան եք տեսել, Եվրոպական խորհրդարանում ի՞նչ հարց եք ուզում բարձրացնել:
-Եվրոպական խորհրդարանում Մարդու իրավունքների հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ եմ: Ես կասեմ, որ շատ կարևոր է լսել երկու կողմերին, և շատ կարևոր է նաև գտնել լուծում` Արցախում ուժեղացնելու տնտեսական դրությունը: Եթե մենք դա չանենք, չի բացառվում, որ որոշ երիտասարդներ լքեն երկիրը: Երիտասարդ տաղանդավոր մարդիկ պետք է լինեն իրեն ծննդավայրում, և ես այս հարցը կբարձրացնեմ խորհրդարանում: Կան քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում լսել նման բաներ, չեն հետաքրքրվում, սակայն ես և մյուսները շատ ուրախ կլինենք այս հարցը բարձրացնելով:
-Տեղյակ եմ նաև, որ 2020-ին Արցախի համընդհանուր ընտրությունների ընթացքին հետևելու է գալու Գերմանիայից դիտորական խումբ, ովքեր են լինելու այդ խմբում, և արդյոք Արցախի ընտրություններն այդքան կարևոր են Գերմանիայի համար:
 -Ընտրություններին դիտորդական խմբում, կարծում եմ, որ կլինեն Բունդեսթագի անդամներ, հավանաբար երկրամասային խորհրդարաններից «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներ: Կարծում եմ, որ շատ լավ է, որ սերտ կապեր կան Արցախի և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, խորհրդարանների միջև: Կարծում եմ, որ շատ կարևոր է Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման նկատմամբ ցույց տալ սոլիդարություն։ Կարծում եմ, որ դա շատ լավ գաղափար է, քանի որ մոտ կապեր կստեղծվեն Արցախի խորհրդարանի, քաղաքական գործիչների և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության միջև: Ես և իմ մի քանի գործընկերներ եղել ենք Արցախում, Արցախից մեր կոլեգաները ևս եղել են Գերմանիայում: Սա շատ կարևոր է, ուժեղացնում է երկրների և մարդկանց միջև կապերը: Երկու տարի հետո ես կայցելեմ Արցախի համալսարան, հիանալի կլինի, եթե Արցախի  և Գերմանիայի համալսարանների ուսանողների փոխանակման ծրագիր լինի: Սա դեռ գաղափար է, որ ես ունեմ: Այնքան տաղանդավոր մարդիկ կան, և ես ուզում եմ, որ նրանք գան Եվրոպա, հնարավորություն ունենան մի քանի ամիս անցկացնել մեր համալսարաններում և վերադառնալ:
-Ինչպես հասկացա, Արցախի հետ կապված պլաններ ունեք, Արցախի վերաբերյալ որևէ հավելելու բան ունե՞ք:
- Ես համոզված եմ, որ մենք չենք կարող մարդկանց թողնել մենակ: Մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Խաղաղ լուծում պետք է լինի: Երիտասարդների համար հնարավորություններ պետք է լինեն: Ես և մեր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ շատ հետաքրքրված ու միանգամայն համոզված ենք, որ պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին: Արցախը քրիստոնեության օրրան է, մենք շատ ընդհանուր բաներ ունենք՝ մշակույթը, կրոնը: Կրոնը մեր ընդհանրություններից է, և մենք չպետք է մոռանանք դա:
-Հայաստանը ներկայում ձգտում է ԵՄ երկրներում վիզայի ազատականացման երկխոսություն սկսել, հետաքրքիր է, թե Եվրոպական խորհրդարանը ի՞նչ կարող է անել նպաստելու այս գործընթացին: Ի՞նչ տրամադրություններ կան այս առումով խորհրդարանում:
-Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ, կարծում եմ, որ նախքան վիզայի ազատականացումը,  ամենակարևորն է աջակցել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Առաջին հերթին պետք է երիտասարդներին հնարավորություն տալ, նրանց համար ավելի շատ ու ավելի երկարատև աշխատանքի հնարավորություն ստեղծել, որ նրանք        ստիպված չլինեն լքել իրենց հայրենիքը, միգրացիայի դիմել: Եվ հետո հաջորդ քայլը կլինի վիզայի ազատականացումը: Երկու տարի առաջ ես Հայաստանում այցելել եմ «ArmTab» ընկերություն, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր երիտասարդներ: Նմանատիպ շատ ընկերությունների կարիք կա թե Հայաստանում, թե Արցախում: Կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանում վիզայի ազատականացման հարցում դեռ վերջնական որոշում չկա, դեռ բանակցությունները շարունակվում են: Սակայն ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանի տեսանկյունից շատ կարևոր է՝ աջակցել Հայաստանին` այդ թվում առևտրի համագործակցության համար: Դա երիտասարդների համար հնարավորություն է: Տրամադրությունները խորհրդարանում դրական են, սակայն Եվրոպան դեռ հանդիպում է ապօրինի միգրացիայի ներհոսքին՝ Աֆրիկայից, Ասիայից, շատ երկրներից: Եվ մենք պետք է լուծում գտնենք, թե ով կարող է գալ Եվրոպա, ով՝ ոչ: Հազարավոր մարդիկ են գալիս ու գալիս, և դա չի համակարգվում: Անօրինական միգրացիան մեծ խնդիր է, և ես կարծում եմ, որ նախ այդ խնդիրը պետք է լուծենք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

Կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Search