Ճապոնիայում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր՝ նոյեմբերի 25-ին, Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին:
Հռոմի պապը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Հանդիպումը տևել է մոտ 20 րոպե:Սև կոստյում և փողկապ հագած կայսրը դիմավորել է Հռոմի պապին, իսկ հանդիպումից հետո ուղեկցել նրան դեպի մեքենան, հաղորդում է Թերթ.am-ը:
Հռոմի պապի այցի ծրագրում կա նաև հանդիպում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
Այսօր ավելի վաղ Հռոմի պապը հանդիպել էր 2011 թվականին տեղի ունեցած և «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հանգեցրած ուժգին երկրաշարժից և ցունամիից տուժած 3 անձանց: Նրանցից մեկը մանկապարտեզի տնօրեն է, մեկը՝ դպրոցական, մյուսն էլ՝ բուդդիստ հոգևորական:
«Ֆուկուսիմայում տեղի ունեցածը չի կարող ամբողջովին կարգավորվել, քանի դեռ այնտեղ տեղանքն ամբողջովին վերականգնված չէ, և մարդիկ չեն կարող անվտանգ ապրել»,- ասել է Հռոմի պապը:
Կիրակի Հռոմի պապը ելույթ է ունեցել Նագասակիում և կոչ է արել աշխարհին հրաժարվել միջուկային զենքից: Նագասակիից հետո նա ուղևորվել է Հիրոսիմա, որտեղ 1945 թվականին մարդկության պատմության մեջ առաջին անգամ միջուկային ռումբ ընկավ:
Սա Հռոմի պապի առաջին այցն է Ճապոնիա: Վերջին անգամ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Ճապոնիա էր այցելել 38 տարի առաջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-: