Սոցցանցերի հայկական հատվածում քննարկում են Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու՝ ոմն Աթա Աբդուլաևի ինքնությունը:
Հայկական սոցիալական ցանցերում քննարկում են Միլանում բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջ են քաշվում տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով շրջանառվող լուսանկարները, որոնցում նա պատկերացված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային կառույցների ներկայացուցիչ է, ոստիկան կամ անգամ ազգային անվտանգության ծառայող, գուցե նաև սադրիչ:
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում նոյեմբերի 20-ին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև բլոգեր ներկայացած ադրբեջանցու հարցին: «Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը հնարավորություն կունենար մտնել միջոցառման, հանդիպման, որտեղ կլիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրան հարց կտար: Երկրորդը, դուք ասացիք, թե ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա ակնհայտ սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահը հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի փոփոխություններ և հեղաշրջում անի Ադրբեջանում: Ես առաջարկել եմ խաղաղության բանաձև, Իլհամ Ալիևին ասել եմ, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես առաջարկում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես նման հայտարարություն անի, քանի որ դա գլխավոր բանաձևն ու պլատֆորմն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: