Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Դոհայում՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։

Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Դոհայում՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում

Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Դոհայում՝ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես  հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային բազմոլորտ հարթակ է:
Գագաթնաժողովը Կատարի հիմնադրամի նախաձեռնություններից մեկն է, անցկացվում է հիմնադրամի նախագահ և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հովանավորությամբ՝ սկսած 2009 թվականից։ Գագաթնաժողովի նախկին բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը և այլ հեղինակավոր գործիչներ։
Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։
Ելույթ ունենալով համաժողովում՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է․
«Ցանկանում եմ սկսել շնորհակալության խոսքով՝ ուղղված Նորին Գերազանցությանը, որը հրավիրել է ինձ ներկա գտնվել այստեղ ոչ միայն խոսելու, այլև լսելու և սովորելու համար, քանի որ կրթությունը հավերժ է և բոլորի համար:Կրթությունը մեր կյանքի, մեր գործունեության, մարդկության ամենակարևոր մասն է:
Ցանկանում եմ Նորին Գերազանցությանը շնորհակալություն հայտնել նաև Կատարի հիմնադրամ այցելելու հնարավորության համար: Այն իսկապես միջազգային հիանալի, ապագային նայող վայր է: Սակայն ամենաշատն ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ՝ գրադարան այցելությունը կազմակերպելու համար: Ես իսկապես մեծ հաճույք ստացա: Դրա մի մասը, որը նման է հնագիտական վայրի, պարունակում է 65 հազար ձեռագրեր, որոնք պատմում են ոչ միայն Կատարի, այլև ողջ տարածաշրջանի մշակույթի ու մարդկության պատմությունը: Կան միլիոնավոր գրքեր, որոնք պատմում են այսօրվա մարդկության պատմությունը, ներկայացնում են ողջ հարստությունն այն ամենի, ինչ ունենք՝ գիտություն, տեխնոլոգիաներ, մշակույթ: Այնտեղ գտնվելու ժամանակ իմ մեջ միտք առաջացավ այս վայրը անվանել «ժամանակի դարպաս», որը մեզ կապում է հարյուր հազարավոր տարիներ հետ գնացող մեր անցյալի հետ, սակայն նույն գրադարանում կարող ես նայել դեպի ապագան, մտածել, թե ուր պետք է շարժվել:
Իհարկե, երբ մտածում ես «ժամանակի դարպասի» մասին, սկսում ես մտորել ժամանակի մասին, այն մասին, թե որտեղ ենք մենք ու ինչ ենք անում: Այսօր աշխարհը փոքր-ինչ շփոթված է․ մենք չգիտենք, թե ուր ենք շարժվում, այնքան շատ հարցեր կան ու քիչ պատասխաններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում այս աշխարհում: Աշխարհն անկանխատեսելի է թվում, անկառավարելի: Ի՞նչ ենք անելու հաջորդիվ:
Թույլ տվեք այս մասին հայտնել իմ կարծիքը, և ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպաս»-ը՝ հետ գնալով 100-150 տարի: 100-150 տարի առաջ մարդկությունն օգտագործում էր այն մեծ գաղափարներն ու տեսությունները, որոնց հեղինակներն էին Իսահակ Նյուտոնն ու մյուսները: Դասական մեխանիկան կառավարում էր ամեն բան, այն պատասխան էր տալիս ամեն հարցի: Գիտությունը կարողանում էր բացատրել ամեն բան, այդ թվում՝ տիեզերքն ու մոլորակները: Սակայն աստիճանաբար իրավիճակը փոխվեց։ Հատկապես խորը տիեզերական ուսումնասիրությունների կամ փոքր մասնիկների ուսումնասիրությունների ժամանակ դասական մեխանիկան այլևս չէր կարողանում շատ երևույթների բացատրությունը տալ: Երբ համեմատում ես 150 տարի առաջ գիտության մեջ տեղի ունեցած երևույթները ներկայի հետ, տեսնում ես, որ պատմությունը կրկնվում է: Այսօր ևս գիտությունը փոքր-ինչ շփոթված է, շփոթված են գիտնականների, ուսուցիչների, համալսարանների մեծ մասը, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ սովորեցնել երեխաներին, այնքան շատ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Իսկ պատասխանը եկավ ինքն իրեն: Մարդկային հանճարները, ի դեմս Ալբերտ Էյնշտեյնի, Հայզենբերգի և մյուսների, ստեղծեցին հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան: Սա ամբողջությամբ փոխեց մեր մոտեցումը, փիլիսոփայությունը և տրամաբանությունը շատ հարցերի նկատմամբ:
Անհրաժեշտ է փոխել ողջ մտածելակերպը՝ ընդունելով քվանտային աշխարհը, որտեղ ամեն բան ներդաշնակ է: Հաջորդ 100 տարիների ընթացքում աշխարհը, երկրներն ու հասարակությունները, մենք բոլորս քաղելու ենք այն արդյունքները, որոնք բերել է քվանտային աշխարհի նոր մտածելակերպը:
Երբ մտածում եմ մեր օրերի աշխարհի մասին, այսօր շփոթմունքն ավելի մեծ է: Ի՞նչ պետք է անել հաջորդիվ: Ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպասը»: Աշխարհը բացարձակ տարբեր է: Երբ նայում եմ «ժամանակի դարպաս»-ի միջոցով, տեսնում եմ հետևյալ կարգախոսը՝ «Բարի գալուստ նոր, քվանտային աշխարհ»: Սա մի աշխարհ է, որտեղ կարևոր է անհատի ուժը: Նայեք մեր երեխաներին: Նրանք ծնվում են, բնության հետ նրանց առաջին շփումը ոչ միայն մեխանիկական է կամ նյութական, այլև վիրտուալ: Նրանք սկսում են ապրել երկու կյանքով՝ իրական ու վիրտուալ: Սմարթ հեռախոսները դառնում են նրանց առօրյայի մասը: Նրանց համար իրական գրքերը չաշխատող iPad-ներ են:
Փոխվել է առողջապահությունը: Արհեստական բանականության, քվանտային ֆիզիկայի ներդրմամբ մենք կկարողանանք շատ արագ կարդալ մեր ԴՆԹ-ն, կկարողանանք ավելի երկար ապրել, հաղթել հիվանդություններին:
Կփոխվի նաև արդյունաբերությունը: Այսուհետ մեքենա կարող են ստեղծել երկու ռոբոտներ:
Այս դեպքում՝ ո՞րն է լինելու մարդկային գործունեությունը: Մարդկային գործունեությունը լինելու է ստեղծարարությունը, դիզայնը, այս ամենի վերահսկումը: Անհատներն այսուհետ փոխկապակցված են լինելու: Մենք արդեն քվանտային ենք այն առումով, որ մեր հաղորդակցումը կարող է տեղի ունենալ լույսի արագությամբ: Մեզնից յուրաքանչյուրն իր գրպանում գիտելիքների մի ամբողջ շտեմարան ունի: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք կարող ենք դա օգտագործել, կարևոր ու գեղեցիկ բան ստեղծել այդ գիտելիքից:
Քվանտային աշխարհում, որտեղ մենք ապրելու ենք, լինելու է անհատի ուժը: Մենք արդեն իսկ ապրում ենք այդ աշխարհում: Քվանտայինը դարձել է նաև մեր քաղաքականության մի մասը»,-ասել է նախագահը:
Իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորել է կրթությունը՝ տաղանդը գտնելու իր կարևոր առաքելությամբ: «Ամեն երեխա ծնվում է տաղանդով: Բախին չեն սովորեցրել գրել երաժշտություն, նա ծնվել էր այդ տաղանդով, սակայն պետք է ստեղծել ճիշտ միջավայր և խրախուսել տաղանդը,- ասել է Արմեն Սարգսյանը: - Իհարկե, տաղանդ գտնելը հեշտ չէ, դա պահանջում է համբերություն, սեր, մեծ աշխատանք: Սակայն դա շատ կարևոր է, որպեսզի երեխաները գտնեն իրենց տաղանդը»։
Հայաստանի նախագահն ընդգծել է, որ եթե նույնիսկ մարդը հաջողակ, տաղանդավոր և հզոր է, երբեք չպետք է մոռանա, որ իր շուրջը կան հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնք հասանելիություն չունեն նույն տեխնոլոգիաներին, տեղեկատվությանը: Ուստի, երբեք չպետք է մոռանալ մյուսների մասին: «Հանճարները չեն ծնվել հարուստ քաղաքներում, նրանք ծնվել են փոքր գյուղում՝ քիչ հայտնի վայրում: Պարտականություն ունեք միշտ հիշել այդ ամենի մասին»,- ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեր կանքի նոր խթանիչ ուժը պետք է լինի այն, որ երիտասարդները հավատան իրենք իրենց: «Դուք պետք է հավատաք, որ կարող եք լինել ստարտափ և լինել հաջողակ, քանի որ սա ստարտափերի ժամանակաշրջան է,-ասել է նախագահը։ - Հավատացեք ինքներդ ձեզ: Արդյոք գիտելիքները, տեղեկատվությունը բավական են: Կարծում եմ՝ ոչ, քանի որ կա մեկ այլ՝ ավելի կարևոր բան՝ ձեր ինքնությունը, ձեր մարդկային արժեքները, հավատը, ձեր մշակույթը: Դուք պետք է ձեր մշակույթը շատ լավ իմանաք: Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ տաղանդը բացահայտելու և դրան աջակցելու համար, բայց նաև պետք է համոզված լինենք, որ, այդ տաղանդը կարող է ավելի հարստանալ մշակույթի, ազգի, ընտանիքի շնորհիվ:
Մարդկային էներգիան, տաղանդն ու հանճարը կարող են լինել և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ: Այն, ինչը մեզ պաշտպանում է, մարդկային արժեքներն են, սեփական պատմության, մշակույթի, կրոնի մասին գիտելիքները, ինչը շատ կարևոր է: Ես հավատում եմ, որ կարող ես ապրել անապատում ու ունենալ հաջողակ կյանք, անապատում ստեղծել գիտելիք ու մշակույթ: Սակայն չես կարող կյանք, հաջողություն, գիտելիք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում»։
Ելույթի վերջում հաջողություն մաղթելով բոլորին՝ նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մարդ մնում է երիտասարդ, երբ ապրում է ամեն օր մի նոր բան սովորելով, սովորեցնելով կամ ստեղծելով: «Մաղթում եմ բոլորին երիտասարդ, գեղեցիկ ու առողջ կյանք»,- եզրափակել է Հայաստանի նախագահը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search