Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի համար հատկացվելու է 275 մլն դրամ
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի պետական ծրագրին հավանություն տալու մասին» որոշման անհրաժեշտությունը բխում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի համար հատկացվելու է 275 մլն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նա նշել է, որ ֆիզիկական կուլտուրան և սպորտը դիտարկվում են որպես առողջության պահպանման և ամրապնդման համար յուրատեսակ միջոցներ, որոնք խթանում են մարդկային համընդհանուր արժեքների համակարգի ձևավորումը և անհատի բարոյակամային որակների զարգացումը:
«Արցախի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը խթանել է սպորտի մասսայականացումն ու զարգացումը: Միայն վերջին երեք տարիներին ավելի քան 70 %-ով ավելացել են սպորտի ոլորտին պետական բյուջեից հատկացումները, ինչի շնորհիվ ավելացել են մարզաձևերը և դրանցում ընդգրկված մարզիկների թիվը, ավելի շատ մարզիկներ են հնարավորություն ստացել մասնակցելու Հայաստանում և Հայաստանից դուրս կազմակերպվող մարզական միջոցառումներին: Ոլորտում իրականացված պետական քաղաքականությունը՝ մասնավորապես, նոր մարզակառույցների ստեղծման, մարզադաշտերի, մարզադահլիճների,մարզադպրոցների, հրապարակների հիմնանորոգման, տարբեր մարզաձևերի զարգացմանն ուղղված քայլերը, հաջողությունների հասած մարզիկներին ու մարզիչներին խրախուսելու աննախադեպ որոշումները՝ մարզական ներուժի բացահայտման և զարգացման լայն հնարավորություններ են բացել հազարավոր մարզիկների համար: Դրա լավագույն վկայությունն են ամեն տարի աշխարհի ամենատարբեր հարթակներում մեր մարզիկների ու մարզիչների արձանագրած հաջողությունները, որոնք, անկասկած, նաև ճանաչում են բերում մեր երկրին: Այդ քաղաքականությունը հնարավորություն տվեց Արցախին ներկայանալու նաև որպես սպորտային երկիր: 2019 թ-ին Արցախում տեղի ունեցած Կոնիֆայի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Համահայկական 7-րդ խաղերը, «Պար առանց սահմանի» Սպորտային պարերի միջազգային առաջնությունը և մի շարք մարզաձևերով կազմակերպված միջազգային մրցաշարերը ասվածի լավագույն վկայությունն են»,-մանրամասնել է Ն. Աղաբալյանը:
Նրա խոսքով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2020 թվականի պետական ծրագրով նախատեսվում է շարունակել ոլորտի զարգացման դրական միտումները, միաժամանակ, միջոցներ ձեռնարկել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
«Նախագծով ոլորտի զարգացման գերակա ուղղություններ են սահմանվել բնակչության ֆիզիկական զարգացումը և ֆիզիկական պատրաստությունը, սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը, բարձրագույն նվաճումների սպորտը, օլիմպիական մարզաձևերի զարգացումը և օլիմպիական գաղափարների տարածումը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև մարզիկների բուժսպասարկման կատարելագործումը: Ոլորտի իրավական կարգավորումը: Ծրագիրը ներառում է հանրապետական, շրջանային միջոցառումներ, ՀՀ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, գավաթի խաղարկություններին, մրցաշարերին Արցախի Հանրապետության մարզիկների մասնակցությանը պետական աջակցություն, ուսումնամարզական հավաքների անցկացում, հաղթողներին և նրանց մարզիչներին մեծարման և խրախուսման միջոցառումներ, մարզիչների համար վերապատրաստման միջոցառումներ, օգնություն մարզական ֆեդերացիաներին, ինչպես նաև մրցումներում վնասվածքներ ստացած մարզիկների բուժման ծախսերի փոխհատուցում, հավաքական թիմերի համար մարզագույքի և մարզահանդերձանքի ձեռքբերում»,-ավելացրել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է 2020 թ-ի պետական բյուջեից հատկացնել 275 մլն դրամ, ինչը 2019 թվականի համեմատ ավել է 54 մլն դրամով կամ 24 %-ով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: