2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 120 մլրդ 775.6 մլն դրամի չափով. ԱՀ ֆինանսների նախարար
2019 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես` ինը ամսվա արդյունքներով արձանագրված 10.4 % տնտեսական աճը, թույլ են տալիս 2019 թվականի համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան մենք պլանավորել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծում:
2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 120 մլրդ 775.6 մլն դրամի չափով. ԱՀ ֆինանսների նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ԱՀ կառավարության նիստի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը. նիստը ղեկավարում էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքով՝ ըստ կանխատեսումների՝ 2019 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 340.9 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը շուրջ 9.1 %` 0.7 % դեֆլյատորի պայմաններում:
«Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքը, որի մասով կանխատեսվում են հետևյալ ցուցանիշները. արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019 թվականին կկազմի ավելի քան 152 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճելով մոտ 30 % -ով: Շինարարության ծավալը կկազմի 62 մլրդ դրամ` ապահովելով աճ 18.2 տոկոսային կետի չափով: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախատեսվում է շուրջ 77 մլրդ դրամի չափով, որը նախորդ տարվա համեմատ աճելու է ավելի քան 3 %-ով»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
Նա տեղեկացրել է, որ 2020 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 375.6 մլրդ դրամ` ապահովելով մոտ 8 % իրական աճ՝ կանխատեսվող 2 % դեֆլյատորի պայմաններում, որը համապատասխանում է կառավարության կողմից միջնաժամկետ հատվածում նախանշված տնտեսական աճի թիրախային մակարդակին: Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3 տոկոսի սահմաններում:
«Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2020 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով. եկամուտների գծով` 120 մլրդ 906.5 մլն դրամ, ծախսերի գծով` 120 մլրդ 775.6 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի` 130.9 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրավված փոխառու միջոցների մարմանը: Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 55,1 մլրդ դրամի չափով, որը 2019 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ նվազել է 2.6 մլրդ դրամով կամ 4.5 %-ով: Այդ թվում հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54,6 մլրդ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից պակաս 4.5 %-ով, արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 14.5 %: Սեփական եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառներն են հանդիսանում պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակությունների նվազման միտումները: Միջպետական վարկի չափը 2020 թվականին կկազմի 65 մլրդ 806.5 մլն դրամ կամ ընթացիկ տարվա համեմատ ավել 7 մլրդ 959.5 մլն դրամով (13.8 տոկոսով): 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 120 մլրդ 775.6 մլն դրամի չափով`որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 5.6 տոկոսով (2019թ. 114,410.5 մլն դրամի դիմաց): ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 32.2 %, ընթացիկ տարվա 33.6 % դիմաց»,-մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Ըստ նախարարի՝ ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալների, կազմի ու կառուցվածքի ձևավորման ընթացքում առաջնորդվել են բյուջետային նորմատիվների և ծախսային ուղենիշերի, ինչպես նաև ֆինանսական կարգապահության կանոնների խիստ պահպանման սկզբունքով, որն իր հերթին կանխատեսվել է տնտեսության զարգացման տեմպերի ապահովմանն ուղղված Կառավարության քաղաքականությանը համապատասխան:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-: