Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության հայտնի պատմության մոտիվներով հանրահայտ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը սկսել է նոր՝ «Սև ցուցակ» («Black list») ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:
Ադրբեջանական անհանդուրժողականությունը կէկրանավորվի Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Սև ցուցակ» ֆիլմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անձամբ Լապշինը՝ մանրամասնելով, որ այն կպատմի պաշտոնական Բաքվի՝ իր անձի դեմ կատարած ոտնձգությունների, իսրայելական զենքի առևտրով զբաղվող գործակալների՝ Ալիևի ռեժիմի հետ կապի և այլնի մասին: Ֆիլմը նկարահանվելու է ամերիկացի և եվրոպացի գործընկերների մասնակցությամբ, որը, ըստ բլոգերի, ընդհանրություններ կունենա «Կեսգիշերային ճեպընթաց»-ի հետ:
Բլոգերն անդրադարձել է նաև Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանած վերջին՝ «Դրախտի դարպասը» ֆիլմին, որի շնորհանդեսը եղավ օրերս: «Կարծում եմ՝ այն հրաշալի ֆիլմ է, որը հիշեցնում է 1984 թվականին Կամբոջայում կամ 2005 թվականին Ռուանդայում տեղի ունեցած հանցագործությունների մասին»,- գրել է բլոգերը:
Հիշեցնենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն այս օրերին ցուցադրվում է կինոթատրոններում: Ֆիլմում իրադարձությունների մաս է կազմում «Արցախպրես» անունով լրատվական գործակալությունը, որը ռեժիսորն ընտրել է Արցախում գործող համանուն գործակալության անունից: Ֆիլմի էպիզոդիկ կադրերում խաղում են նաև գործակալության լրագրողները:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-: