Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ ուղեկցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Գարեգին Բ–ն ընդունել է Վրաստանի վարչապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է տիար Գեորգի Գախարիային վարչապետի կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի հայ-վրացական դարավոր բարեկամության առավել զորացմանը: Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, որոնք հարուստ են փոխօգնության, զորակցության և միասնական պայքարի բազում վկայություններով՝ հաստատելով, որ դրանք այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի և հաստատվի երկու երկրների գործակցությունը:
Հայոց Հովվապետը փաստել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Նորին Սրբությունը խոսել է նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում:
Իր հերթին վարչապետ Գեորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա: Վարչապետն ընդգծել է, որ Եկեղեցին մշտապես ունեցել է իր կենսական և պետականաշինական նշանակությունը և շարունակելու է այդպիսին մնալ: Անդրադառնալով այցի արդյունքներին` պրն. Գախարիան հավաստիացրել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհակալությունը հայտնել է Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմի գործունեությանը զորակցելու և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ խնամք ցուցաբերելու համար` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն երկրում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ պահպանության ուղղությամբ:
Վեհափառ Հայրապետն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին, ապա հանդես եկել առաջարկով Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ համատեղ, աջակցությամբ նաև Վրաց իշխանությունների կազմակերպել հոգևոր-մշակութային միջոցառումներ, եկեղեցական արժեքների ցուցադրություններ` ի նպաստ երկու ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր կապերի զորացման:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը և խաղաղության ու բարօրության մաղթնանքերն է հղել վրաց ժողովրդին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-: