Հանրապետության ստորերկրյա ջրերի հայտնաբերման և տարածական բաշխվածության վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվելու
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի անդամներն ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել են «ԱՀ տարածքում ստորերկրյա ջրերի որոնում, դրանց տարածական բաշխվածության քարտեզագրում ջրաերկրաֆիզիկական ուսումնասիրությունների և ջրաբանա-ջրաերկրաբանական դիտարկումների հիման վրա» նախագիծ:
Հանրապետության ստորերկրյա ջրերի հայտնաբերման և տարածական բաշխվածության վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինժեներիայի սեյսմաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Մինասյանը, ով նախօրեին մասնակցում էր Ասկերանում կազմակերպված գիտագործնական կոնֆերանսին:
Նա նշել է, որ նախագիծը երկու տարվա ընթացքում իրականացվելու է մի քանի փուլերով:
Ռ. Մինասյանի խոսքով՝ ԱՀ տարածքի կլիմայի, ռելիեֆի և ջրաբանա-ջրաերկրաբանական պայմանների խիստ բազմազանության պատճառով ստորերկրյա ջրերի ձևավորման և տեղադրման պայմանները նույնպես տարբեր են: Առաջարկվող նախագծում նախատեսվում են ստորերկրյա հոսքի ձևավորման և բեռնաթափման ուսումնասիրություններ հետևյալ տեղամասերում՝ լեռնային առանձին շրջաններում, միջլեռնային գոգավորություններում, նախալեռնային հարթավայրերում:
Մեր զրուցակիցն ասել է նաև, որ ԱՀ-ում տարածքի ստորերկրյա հոսքի տարածական քարտեզագրման ուղղությամբ աշխատանքներ հիմնականում չեն կատարվել, կամ էլ կատարվել են առանձին շրջաններում շատ սահմանափակ ծավալներով: Մասնավորապես, ոչ մեծ ծավալի որոնողա-երկրաֆիզիկական ուսումնասիրությունների հիման վրա Մարտակերտի և Մարտունու շրջաններում փորվել են առանձին հորատանցքեր՝ միջինը մինչև 250 մ խորությունների համար:
«Նախագծում նախատեսված են ջրաերկրաֆիզիկական ուսումնասիրությունների և ջրաբանա-ջրաերկրաբանական դիտարկումների իրականացում հետևյալ հինգ շրջաններում՝ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Հադրութի: Այդ շրջաններում իրականացվելիք աշխատանքների արդյունքում լուծվելու են հետևյալ խնդիրները՝ ստորերկրյա ջրերի առկայության հեռանկարային տեղամասերի հայտնաբերում և դրանց բաշխվածության պարզաբանում գետահովիտների, հարթավայրերի, լանջերի տարածքներում»,- ավելացրել է Ռ. Մինասյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-: