ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինի, որ նրան են նվիրել Ուկրաինան: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում անցկացվող «Եվրոպական անվտանգություն. Հեռանալ անդունդի եզրից» միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինի, որ Ուկրաինան «նվիրել են» իրեն». Լուկաշենկո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ` մասին տեղեկացնում է belta.by կայքը:
Լուկաշենկոն նշել է, որ Արևելքն ու Արևմուտքը դիմակայում են միմյանց արդեն բավականին երկար ժամանակ՝ դեռ Խորհրդային միության տարիներից, նամանավանդ ռազմական ոլորտում: Հենց այս դիմակայությունն էլ հանգեցրել է այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում: Բելառուսի նախագահի խոսքով՝ իրենք ուղղակի «նվիրել» են Ուկրաինան Արևմուտքին, ինչի համար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է շնորհակալ լինեն:
Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ կոնֆլիկտն Ուկրաինայում դեռևս այսօր էլ կարելի է լուծել, քանի որ «ախտորոշումը» տրված է:
«Թե ինչպես վերացնենք հիվանդությունը, նույնպես գիտենք, բայց հարկավոր է սկսել այն բուժել: Ուկրաինայի այսօրվա իշխանություններն ու նախագահը, իհարկե, ամենակարող չեն: Նրան ոչ ներսից, ոչ դրսից չեն թողնի անել այն, ինչ ինքը ուզում է, բայց ես համոզվել եմ, որ նա ուզում է լուծել այս խնդիրը»,- ասել է նա:
Ավելի վաղ Լուկաշենկոն Արևմուտքին, առավելապես ԱՄՆ-ին կոչ էր արել օգնել Ուկրաինային Դոնբասի հարցում, և կարծիք էր հայտնել, որ առանց ԱՄՆ-ի՝ անգամ Եվրամիության աջակցությամբ այս խնդիրը լուծել շատ դժվար կլինի: