Ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի ֆինանսական աջակցություն. փոխնախարար
Ջերմոցային տնտեսությունների արդիականացման և մակերեսների ընդլայնման նպատակով հանրապետությունում ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի ֆինանսական աջակցություն, յուրաքանչյուր 1 հա-ի հաշվով 2 մլն ՀՀ դրամ գումար՝ սկսած նվազագույնը 135 քառակուսի մետրից:
Ջեռուցվող ջերմատնային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին անհատույց կտրամադրվի ֆինանսական աջակցություն. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ ծրագիրը դեռ առաջին տարին է, որ կգործի և ընթացիկ տարում նախատեսվում է, այդ նպատակով, տրամադրել է 10 մլն ՀՀ դրամ:
Նրա խոսքով՝ հանրապետության կայուն բուսասանիտարական վիճակ ապահովելու նպատակով իրականացվում են նաև բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, որի շրջանակներում, մկնանման կրծողների դեմ պայքար իրականացնելու նպատակով, համապատասխան քանակությամբ անհատույց թունանյութ է տրամադրվում հողօգտագործողներին:
«Գալիք տարի նախատեսվում է բույսերի պաշտպանության միջոցառումների ցանկն ընդլայնել՝ մասնավորապես, որպես պետական աջակցություն կիրականացվեն պայքարի աշխատանքներ մորեխների և որոշ վնասատուների թրթուրների դեմ, որոնցով վարակված օջախներն արդեն հայտնաբերվել են հանրապետության տարբեր շրջաններում: Ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում իրականացվում են նաև հակահրդեհային միջոցառումներ: Աշխտանքներն իրականացվում են երկու փուլով՝ առաջինը դա քիմիական պայքարն է, որի նպատակն ԱՀ շրջաններում ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում և դեպի ցանքատարածքներ տանող ճանապարհների եզրերին, ինչպես նաև առաջնագծի ամբողջ երկայնքով առատ տեղումների հետևաքնով փարթամորեն աճած մոլախոտային բուսականության դեմ պայքարի կազմակերպման միջոցով հրդեհների բռնկման կանխումն է: Երկրորդը դա հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և հակահրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով շրջաններին և շահագրգիռ մարմիններին տրամադրվող ֆինանսական միջոցներն են: Յուրաքանչյուր տարի ծրագրի իրագործման համար ԱՀ կառավարության կողմից հատկացվում է 30 մլն ՀՀ դրամ գումար. այս տարի բացառության կարգով տրամադրվել է 49,3 մլն ՀՀ դրամ»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանը:
Նա նաև նշել է, որ ընթացիկ տարում հրդեհից ոչնչացվել է շուրջ 1020 հա ցանքատարածքներ, իսկ հրդեհված արոտավայրերի, խոտհարքների և հնձված տարածքների մակերեսը հատել է 50 հազար հա-ը: