«Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 6-րդ փառատոնին ներկայացվել են նաև արցախյան արտադրատեսակներ
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-15-ը Երևանի անգլիական այգում կազմակերպված «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 6-րդ փառատոնին ներկայացվել են նաև արցախյան արտադրատեսակներ:
«Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 6-րդ փառատոնին ներկայացվել են նաև արցախյան արտադրատեսակներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Համլետ Ապրեսյանն ասել է, որ իրենց միջնորդությամբ ԱՀ-ից փառատոնին առաջին անգամ մասնակցություն են ունեցել «Ռայփսիդ» ձեթի, «Արցախկաթ» կաթնամթերքի, «Վասավի փրոդաքթ» բուսական թեյերի ընկերությունները:
Սկսած 2018 թվականից փառատոնին անհատական մասնակցության հայտ են ներկայացնում նաև «Հաթերք ֆուդ» և Թալիշի ֆերմերների խմբի ներկայացուցիչները:
Ըստ Հ. Ապրեսյանի՝ փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները և ներդրողները կարող են հանդիպել, փոխանակվել փորձով և ստանալ համագործակցության հնարավորություններ:
«Արցախյան տաղավարների հանդեպ մեծ հետաքրքրություն կար սպառողների կողմից: Առավել շատ տպավորված էին «Ռայփսիդ» ձեթով և ժենգյալով հացով»,-ավելացրել է Հ. Ապրեսյանը:
«Հաթերք ֆուդ» ընկերության տնօրեն Սամվել Միրզախանյանի խոսքով՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից փառատոնին մասնակցել է 14 հոգի, ովքեր իրենց արտադրանքը ներկայացրել են 4 տաղավարներում:
Ս. Միրզախանյանի խոսքով՝ արդեն երկրորդ տարին է, ինչ իրենք մասնակցում են բերքի տոնին, և ամեն անգամ փորձում են նոր արտադրանք ներկայացնել:
«Այս անգամ մենք սպառողներին ենք ներկայացրել շոկոլադե մեղր, որն օգտագործում են և՛ որպես քաղացրավենիք, և՛ որպես դեմքը երիտասարդացնող քսուք: Թխվել է ժենգյալով հաց՝ արցախյան կանաչիով: Ներկայացրել ենք նաև մեղրի մի քանի տեսականի՝ ավանդական, տափաստանային, ալպիական, ձագի և վայրի: Հատկապես մեծ պահանջարկ ունի ձագի մեղրը։ Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մեղրը քամվում է երիտասարդ մեղվաընտանիքներից, որոնք ընդհանրապես չեն կերակրվել, չեն ստացել պրոֆիլակտիկ դեղորայք, այդ թվում հակաբիոտիկներ, իսկ մեղվափեթակները տեղադրված են այնպիսի վայրում, որտեղ 15 կմ շառավղով բացակայում են ասֆալտապատ տարածքները, մայրուղիները, հանքերը, գործարաններն ու այգիները։ Այս մեղրն առանձնանում է էկոլոգիական ամենաբարձր չափանիշներով և իր հատկանիշներով ձգտում է վայրի մեղրին»,-ավելացրել է Ս. Միրզախանյանը՝ նշելով, որ փառատոնի մասնակիցներին բաժանվել են նաև Արցախի պատմամշակութային վայրերի մասին պատմող բուկլետներ։
Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Տող համայնքում կայանալիք գինու 6-րդ փառատոնին կներկայացնեն հաթերքցիների ժենգյալով հացն ու «Հաթերք ֆուդ» ընկերության արտադրանքը:
Նա շնորհակալություն է հայտնել ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը, իրենց աջակցելու համար:
Փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: