Artsakhpress

Սփյուռք

Ուղիղ 64 տարի առաջ այս օրը Թուրքիայում կոտորում եւ թալանում էին հայերին եւ հույներին (ֆոտո)

Ուղիղ 64 տարի առաջ` 1955-ի սեպտեմբերի 6-7-ը, Ստամբուլում եւ Իզմիրում կազմակերպված կոտորում էին, թալանում եւ բռնաբարում հայերին եւ հույներին:

Ուղիղ 64 տարի առաջ այս օրը Թուրքիայում կոտորում եւ թալանում էին հայերին եւ հույներին (ֆոտո)

Ուղիղ 64 տարի առաջ այս օրը Թուրքիայում կոտորում եւ թալանում էին հայերին եւ հույներին (ֆոտո)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսկ իշխանությունները որեւէ կերպ չէին միջամտում, հայտնում է  News.am-ը:
Հիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրք խուժանի զանգվածային ջարդարարությունը եւ թալանը լավ կազմակերպված էր, իսկ թուրքական իշխանությունը աչք փակեց դրա վրա` թողնելով, որ մարդասպանները Ստամբուլը «մաքրեն» ազգային փոքրամասնություններից` հույներից եւ հայերից:
Թուրք խուժանին իրենց արյունոտ գործն սկսելու համար առիթ էր պետք, եւ այդ առիթը ստեղծեցին: Հունական կառավարության կողմից  Սալոնիկում թուրքերին նվիրաբերած  «Աթաթուրքի տուն թանգարանի» բակում ինչ-որ պայթուցիկ էր գործի դրվել, որն ընդամենը թանգարանի ապակիներն էր կոտրել: Թուրքիայի պետական ռադիոկայանը տեղեկացրեց, թե հույները Աթաթուրքի տան մեջ ռումբ են պայթեցրել: Վարչապետի մերձավորներից մեկի կողմից հրատարակվող Istanbul Ekspres-ը կեսօրից հետո զարմանալի արագությամբ հասցրեց մոտ 300 հազար տպաքանակով համար լույս ընծայել, որը պետության կողմից ստեղծված եւ հովանավորվող «Կիպրոսը թուրք է» միության անդամները բաժանեցին ժողովրդի մեջ:
Ամեն ինչ ընթանում էր՝ ըստ ծրագրածի: Հայերի, հույների եւ մյուս ազգային փոքրամասնությունների տները, խանութներն ու տաղավարները արդեն հատուկ գույներով նշագրել էին, որպեսզի ամբոխը հեշտությամբ գտնի նրանց՝ ջարդելու ու թալանելու համար:
Թուրքերի վայրագություններին զոհ էր գնացել 16 հոգի, որոնցից երեքը հայտնաբերվել էին պարկի մեջ այրված: Վիրավորվել էին 500-ից ավել քրիստոնյաներ:  Ընդհանուր հաշվով` թալանի էր ենթարկվել 4214 տուն, 1004 գրասենյակ, 73 եկեղեցի, 26 դպրոց եւ այլ հաստատություններ:
Հաստատելու համար, որ այս զանգվածային ջարդերը կազմակերպված են եղել թուրքական պետության կողմից, ինչպես 1915-ի Հայոց ցեղասպանությունը` ներկայացնենք թուրքական Atilim կայքի հրապարակումը, որտեղ նշվում է, որ Սալոնիկի Աթաթուրքի տան բակի պայթյունը կազմակերպած Օքթայ Էնգինը Հունաստանում պայթյուն կազմակերպելու համար մեկ տարի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել եւ տեղափոխվել Թուրքիա, որտեղ էլ սկսվել է իր կարիերայի աննախադեպ վերելքը (նախ, Թուրքիայի կարեւորագույն շրջաններից մեկի` Չանքայայի քայմաքամ, այնուհետ` ոստիկանության գլխավոր վարչության քաղաքական գործերով բաժնի պետ): 1971-ին Օքթայը դառնում է Անվտանգության վարչության պետ եւ 7 տարի պաշտոնավարում: Իսկ 1991-ին նշանակվում է Նեւշեհիրի նահանգապետ:
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Արթուր Ռիչարդը, ԱՄՆ պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե ականատես է եղել, որ թուրքական ոստիկանությունը ոչինչ չէր անում կանխելու վայրագությունները:
1955-ի ջարդերից տարիներ հետո Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների նախկին պետ Սաբրի Յիրմիբեշօղլուն նշել է, թե 1955-ի սեպտեմբերի 6-7-ը հատուկ նշանակության ուժերի գործն էր, որը հրաշալի էր կազմակերպվել:
Իսկ վերջում հիշեցնենք Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարի մի առիթով ասված խոսքը. «Եթե հայերը եւ հույները Թուքիայում մնային, արդյո՞ք մենք այսպիսի ազգային պետություն կլինեինք»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search