Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանն ամփոփել են ԱՀ և ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցության արդյունքները
Այսօր կայացած ԱՀ և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցությունից հետո երկու գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ամփոփել են հանդիպման արդյունքները, ապա պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հարցերին:
Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանն ամփոփել են ԱՀ և ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատների համատեղ խորհրդակցության արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ խորհրդանշական է, որ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների այցն ավարտվում է Արցախում:
«Մեր դեսպանահավաքը տարբեր առումներով ուներ կարևորություն: Նախ և առաջ շատ կարևոր է այսօր լինել Արցախում և միասին տոնել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձը: Մյուս կարևոր հարցը թերևս այն է, որ մենք միանշանակ նպատակ ունենք օգտագործելու այս առիթը մեր դիվանագիտական անձնակազմերի և ԱՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների միջև խորացնելու ու ամրապնդելու երկխոսությունը: Միասին աշխատելու համար ունենք բավական հստակ ձևավորված օրակարգ, որպեսզի ավելի համապարփակ և համալրված կատարենք մեր մոտեցումները ու գնահատականներն առաջին հերթին ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ենթատեքստում, ինչպես նաև օրակարգային բազմաթիվ այլ հարցերում»,- մանրամասնել է Զ. Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը կարևոր է հատկապես ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի և դիվանագիտական կորպուսի միջև տեղի ունեցած հանդիպումը, որը հնարավորություն տվեց առաջին դեմքից լսել առկա բոլոր գերակայությունների մասին, անվտանգության և զարգացման օրակարգերի վերաբերյալ:
Իր հերթին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել հանդիպումը և նշել, որ վերջին տարիների համար սա աննախադեպ խորհրդակցություն էր երկու հայկական հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների ու արտերկրում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների միջև: Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել 2003 թ.-ին:
«Այսօր ունեցել ենք օգտակար քննարկում, որը հնարավորություն տվեց մտքեր փոխանակելու և տարբեր հարցեր քննարկելու: Արտերկրում աշխատող մեր գործընկերները ևս բարձր են գնահատել խորհրդակցությունների արդյունքները ու աշխատելու են առաջ քաշել հայկական շահերի պաշտպանությունը»,- ավելացրել է Մ. Մայիլյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-: