Թուրքիայի ոստիկանությունը Վանում, Դիարբեքիրում և Մարդինում չարտոնված բողոքի ցույց իրականացնող քրդերի նկատմամբ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, հաղորդում է DHA գործակալությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել քուրդ ցուցարարների նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է Tert.am-ը, ցույցերն սկսվել են նշված երեք քաղաքների քաղաքապետերին պաշտոնից ազատելուց հետո: Նշվում է, որ ոստիկանությունը պահանջել է ցուցարարներից ցրվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել իրավապահների հրահանգներին: Արդյունքում մի քանի մարդ, այդ թվում՝ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ, հիվանդանոցում է հայտնվել:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետերին պաշտոնից ազատելու մասին՝ մեղադրելով վերջիններիս Թուրքիայում արգելված «Քուրդիստանի աշխատավորների կուսակցություն» կազմակերպության հետ կապ ունենալու համար:
Հաղորդման համաձայն՝ կառույցն իր ապօրինի նպատակների համար օգտագործել է մի քանի քաղաքապետերի, որոնք կազմակերպությանը ֆինանսական, տրանսպորտային և վարչական աջակցություն են տրամադրել: