Սահմանվել է հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը. կայացել է ԱՀ կառավարության նիստ
Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին, ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանը ներկայացրել է «Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը հաստատելու մասին» ԱՀ կառավարության որոշման նախագիծը:
Սահմանվել է հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը. կայացել է ԱՀ կառավարության նիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի,ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամաբ՝ նիստը ղեկավարում էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ըստ Ա. Գաբրիելյանի՝ անտառներում անտառավերականգնման հատումների ճիշտ իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր ծառատեսակի հասունացման և գերհասունացման տարիքը:
«Հատման տարիքը որոշվում է գիտականորեն հիմնավորված ցուցանիշների հիման վրա՝ հաշվի առնելով անտառի կենսաբանական առանձնահատկությունները, արտադրողականությունը, վերականգնման ընդունակությունը, նպատակային նշանակությունը, ինչպես նաև հաշվի առնելով սոցիալական, տնտեսական և էկոլոգիական խնդիրները: Անտառավերականգնման հատումները պետք է ապահովեն անտառների բանական օգտագործումը, հատման շրջանառության ընթացքում հասուն և գերհասուն բնափայտի պաշարների ստացումը՝ պահպանելով հատումների կայուն ծավալները և նպաստելով անտառների արտադրողականության բարձրացման, դրանց վիճակի և բնապահպանական խնդիրների բարելավմանը, ինչը հնարավոր կլինի ապահովել հատումները հատման տարիքի հիման վրա իրականացնելու դեպքում»,-ավելացրել է Ա. Գաբրիելյանը:
Նա նաև նշել է, որ վերոնշյալ որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը, ինչպես նաև կբարձրանա անտառների պաշարների պահպանման և ռացիոնալ օգտագործման արդյունավետությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ: