ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը հայտնել է, որ անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում մշտապես գործող հատուկ մեխանիզմի ստեղծումը, որը միտված կլինի լրագրողների ու իրավապաշտպանների աղմկահարույց սպանությունների փաստով հետաքննություններ նախաձեռնելուն:
ՄԱԿ-ում առաջարկել են լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունները հետաքննող մեխանիզմ մշակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Առաջարկում եմ, որ այդ մեխանիզմը երկու գործառույթ իրականացնի: Առաջինը՝ կարողանա այս կամ այն կերպով աջակցել տեղական իշխանություններին հետաքննություն իրականացնելու գործում: Սա օգնության գործառույթն է: Առաջինի չաշխատելու դեպքում երկրորդ գործառույթը կարող է այն լինել, որ հետաքննություն նախաձեռնվի, եթե դա արդեն իսկ չի արվել կամ ապարդյուն է անցել»,- ասել է հատուկ զեկուցողը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կալամարը հրապարակել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության արդյունքներն ամփոփող զեկույցը, որում Սաուդյան Արաբիային մեղավոր էր ճանաչել սպանության համար:
Խոսելով զեկույցի մասին՝ Կալամարը նշել է, որ չի կարծում, թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն այդ պատճառով Սաուդյան Արաբիայի անդամակցությունը կառույցին դադարեցնելու մասին որոշում կընդունի:
Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են: