Կայացել է Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը
Արցախի գրողների միության և Գրիգոր Նարեկացի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ բուհի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում այսօր՝մայիսի 17-ին, տեղի է ունեցել արմատներով արցախցի,ամերիկաբնակ արձակագիր Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը:
Կայացել է Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Նա ողջունել է ներկաներին և շնորհավորել հեղինակին հերթական գրքի լույսընծայման կապակցությամբ:
«Մարգարետ Դերանցը՝ որպես տաղանդավոր արձակագիր, կարողացավ ըմբռնել այն հանգամանքը, որ գրականության մեջ կարևորը նորություն բերելը և նոր խոսք ասելն է: Նա ամերիկյան իրականությունից վերցրել է այնպիսի թեմաներ, որոնք նորույթ են մեր գրական դաշտում: Ապրելով Ամերիկայում՝ Դերանցը պահպանում է իր հոգու ներքին կապը հայրենիքի հետ: Նա հայրենիքով ապրող հայ գրիչներից է, որի ստեղծագործությունները բավականին լայն տարածում են գտել հայ իրականության մեջ»,-մասնավորապես ասել է նա:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն էլ իր ելույթում նշել է, որ գիրքն իր համար հայտնություն էր՝ հասուն ու բազմաշերտ որակներով:
«Արձակագիր Դերանցի «Քրտնաձուկ» ժողովածուն թարմ խոսք է մեր արձակում, իսկ թեմատիկ առումով՝ նորույթ հայ իրականության մեջ: Նա հիմնականում պատկերում է մի աշխարհ, որը գտնվում է օվկիանոսից այն կողմ, և առաջին հայացքից այն անճանաչելի ու օտար է թվում մեզ՝ իր միջավայրով, բարքերով ու կեցությամբ:Գրողն այնքան բնական ու անպաճույճ է բնութագրում այդ ամենը,որ մեծ հետաքրքրությամբ ես մխրճվում այդ անծանոթ իրականության մեջ: Ժողովածուի գլխավոր հերոսը մարդն է՝ իր ճակատագրով: Հեղինակը ճիգ չի գործադրում իդեալականացնելու իր հերոսներին:Նրանք ամենասովորական մարդիկ են՝ իրենց ամենաբնական կեցության մեջ:Որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող պատումներում հերոսուհին չափազանց անկեղծ է ,նա չի կաշկանդվում իրեն բաժին հասած ճակատագրից,չի վախենում բացահայտ ինքնախոստովանություններից, սիրելու և սիրվելու աստվածային զգացումից: Գրողը, անկախ ամեն ինչից, լավատես է ու հավատում է Աստծուն: Դերանցի տողն ապրեցնող է»,-մասնավորապես նշել է Ա. Գրիգորյանը:
Արցախի գրողների միության կողմից Մարգարետ Դերանցին հանձնվել է Արցախի գրողների ընտանիքին անդամակցելու տոմս:
Բանաստեղծ,ազատամարտիկ Ռոբերտ Եսայանն էլ իր խոսքում ասել է, որ Դերանցն, իսկապես, ապրում ու ստեղծագործում է կարոտի մեջ, որը շնչառություն է տալիս նրա ստեղծագործություններին:Նա նաև նշել է, որ հեղինակը կարողացել է բացահայտել մարդկային հոգեաշխարհի՝ բառային ներուժով կերպավորված նուրբ գծերն ու հոգեվիճակները:
Ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության անդամներ, բուհի դասախոսներ:
«Քրտնաձուկ» գրքի հեղինակ Մարգարետ Դերանցն էլ շնորհակալություն է հայտնել ներկաներին և նշել, որ իր համար շատ կարևոր է նրանց գնահատականը: