Fresno Bee պարբերականը ներկայացրել է ամերիկահայ Մայքլ Ռեթիգի ուշագրավ պատմությունը. տղամարդն իր ընտանիքի կորսված պատմությունը բացահայտել է, երբ պատահաբար գտել է Արևմտյան Հայաստանից իր բարեկամների լուսանկարը:
ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռեթիգը պատմել է, որ լուսանկարը գտել է տատիկի ընտանեկան արխիվները փորփրելու ժամանակ: Սկզբում նա մտածել է, թե լուսանկարը պատկանում է տատիկի ընկերներին, որոնք Բիթլիսից էին:
Ավելի ուշ Ռեթիգը գտել է իրավական փաստաթուղթ, որը կազմվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանեկան ունեցվածքի կորստի համար Օսմանյան կայսրության դեմ հայց ներկայացնելու համար, փոխանցում է tert.am-ը:
«Ավելի ուշ պարզվել է, որ փաստաթուղթը, որում նկարագրված էին ընտանիքի բազմաթիվ անդամների սպանությունները, կազմել է Ռեթիգի նախապապ Մարտիրոս Գաշագործյանը»,-գրում է աղբյուրը՝ մի շարք պատմական փաստեր ներկայացնելով Հայոց ցեղասպանոթյան և դրա հետևանքով 1,5 մլն հայերի սպանության վերաբերյալ:
1912 թ. Բիթլիսում արված լուսանկարն ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո Ռեթիգը նկատել է, որ դրանում պատկերված են իր նախատատն ու նրա որդու՝ Հարությունի ընտանիքը:
Լուսանկարում պատկերված անձանցից Ցեղասպանությունից մազապուրծ են եղել միայն Հարությունի երեխաները: Դուստրերից մեկը փախել է Հալեպ, իսկ որդին, թաքցնելով հայկական ծագումը, թրքացել է:
Բացի այդ, Ռեթիգն արխիվներում բարեկամներից ստացված նամակներ է գտել:
«Մի քանի փրկվածից ստացված նամակները, ընտանեկան լուսանկարն ու Մարտիրոսի իրավական փաստաթուղթն այն ամենն են, ինչ մնացել է Հարությունի ընտանիքից: Նրանք սպանվել են, վտարվել իրենց հայրենիքից, կորցրել են հողն ու ունեցվածքը»,-նշել է Ռեթիգը: