Artsakhpress

Հարցազրույց

Ինչպես է Արցախը պատրաստվում ConiFA-ի առաջնությանը. աշխատանքների ընթացքը ներկայացրել է պետնախարարը

Հունիսի 1-10-ը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն Արցախում անցկացնելու համար ընթացքի մեջ են վերջին նախապատրաստական աշխատանքները:

Ինչպես է Արցախը պատրաստվում ConiFA-ի առաջնությանը. աշխատանքների ընթացքը ներկայացրել է պետնախարարը

Ինչպես է Արցախը պատրաստվում ConiFA-ի առաջնությանը. աշխատանքների ընթացքը ներկայացրել է պետնախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԻրականացվող աշխատանքների, այդ օրերին Արցախում անցկացվող մարզական և մշակութային միջոցառումների ու մի շարք այլ հարցերի շուրջ Արցախի հանրային հեռուստաընկերությունը զրուցել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
Հարցազրույցի տեքստային տարբերակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝
-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ առաջնություն ենք հյուրընկալելու Արցախում և ի՞նչ կազմով:
-Սպասվող իրադարձությունը՝ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, մեր հանրապետության համար կլինի աննախադեպ միջոցառում թե՛ հանրապետության մարզական կյանքի զարգացման տեսանկյունից, թե՛ զբոսաշրջության զարգացման, և թե՛, ընդհանրապես, մեր երկրի՝ աշխարհին ներկայանալու համար՝ որպես խաղաղ, զարգացող սպորտային և զբոսաշրջային լավ երկիր:
-Իսկ թիմերի մոտավոր կազմ ունե՞նք արդեն:
-Հաստատված կազմ կա: Առաջնությանը կմասնակցի 12 թիմ, որոնցից 1-ը Արցախի թիմն է, և ունենք սպասվող թիմեր եվրոպական, նախկին խորհրդային երկրների տարածքներից, այնպես, որ բավականին լայն աշխարհագրություն է ընդգրկում: Արցախ կգան նաև թիմերի երկրպագուները,  որոնք նույնպես, որպես զբոսաշրջիկ, այդ օրերին կմնան մեր հանրապետությունում: Մոտ 300 կամ ավելի մարդ միայն թիմերի և նրանց սպասարկող անձնակազմի քանակն է: Բնական է, որ յուրաքանչյուր թիմ կունենա նաև իր երկրպագուները: Կարծում ենք, որ զբոսաշրջիկների, լրատվական ներկայացուցիչների հետ միասին այդ թիվը կկազմի 1000-ից ավելի:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հանրության համար այս նախապատրաստական փուլը, կարող ենք ասել, սկսվեց 1-2 ամիս առաջ, սակայն ոլորտի պատասխանատուների և Արցախի ղեկավարության համար, ըստ էության, փուլը շատ ավելի վաղ էր մեկնարկել: Այնպես որ, կարծում եմ, որոշակի արդյունքների մասին կարող ենք խոսել: Ի՞նչ է պատրաստ այս պահին:
-Առաջնությունը արդեն ունի պաշտոնական լոգոն, պատրաստ է նաև հիմնը, որը շուտով կներկայացվի հանրությանը: Առաջնությունը կունենա նաև իր պաշտոնական կայքը: Այս առումով մեծ աշխատանքների ծավալ ունենք: Մոտ օրերս Երևանում կկայանա մամուլի ասուլիս, որով կտրվի աշխատանքների, լրատվամիջոցների հավատարմագրման պաշտոնական մեկնարկը: Արդեն հայտնի են նաև թիմերի ժամանման օրերը:
- Կարծում եմ՝ այս պահին հաջողությունը չէր խանգարի նաև շինարարներին: Երկու օր առաջ եղաք շինհարթականերում: Աշխատանքները ի՞նչ փուլում են: Տեսածից գո՞հ եք:
- Նախ նշեմ, որ բոլոր պատասխանատուները և կառավարական հանձնաժողովը, որը համակարգում է աշխատանքները, անում են ամեն ինչ, որպեսզի միջոցառումը անցկացվի ամենաբարձր մակարդակով: Մենք ժամանակին ավարտին կհասցնենք նաև շինարարական աշխատանքները, և բոլոր 4 մարզադաշտերը, որոնք պետք է մասնակցեն, որպես հիմնական մարզադաշտեր, պատրաստ կլինեն: Սպասում ենք, որ այս միջոցառումը մարզական և մշակութային աշխուժացման տեսանկյունից բավականին մեծ հետք պետք է թողնի նաև Արցախի բնակավայրերի վրա: Առաջնությունը կանցկացվի Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու մարզադաշտերում: Քանի որ առաջնությանը մասնակցում է 12 թիմ, ըստ հաստատված խաղերի գրաֆիկի, դրանք պետք է բաժանվեն 4 խմբերի, և յուրաքանչյուր խումբ իր խաղերը կանցկացնի որևէ մարզադաշտում: Դրանից հետո, ըստ ֆուտբոլային առաջնությունների համար սահմանված կանոնների, յուրաքանչյուր խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը կանցնեն քառորդ եզրափակիչ, այնուհետև՝ կիսաեզրափակիչ, որից հետո՝ եզրափակիչ: Կլինի նաև երրորդ տեղի համար պայքար: Ի տարբերություն այլ ընդունված սխեմաների, որոնք կիրառվում են աշխարհում, այս առաջնությանը, երրորդ տեղը զբաղեցրած թիմերը նույնպես կխաղան հինգերորդից մինչև 12-րդ տեղերի համար: Արդյունքում կունենանք բոլոր տեղերը զբաղեցրած սանդղակ: Ընդհանուր առմամբ, լինելու է 28 խաղ, որից առաջին կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը կլինեն Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում, իսկ մնացածին հավասարապես ներգրավված կլինեն բոլոր մարզադաշտերը:
-Անդրադառնանք այլ ոլորտների նախապատրաստական աշխատանքներին: Նշեցիք, որ մոտ 1000 հյուր կայցելի Արցախ: Արդյո՞ք մեր հյուրանոցային տնտեսությունները պատրաստ են ընդունելու նրանց:
-Կարծում եմ՝ ժամանողների քանակը կգերազանցի այդ թիվը: Արդեն իսկ ունենք նախնական պայմանավորվածություններ հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների հետ: Սակայն, օգտվելով առիթից, ուզում եմ դիմել հանրությանը և տնտեսվարող սուբյեկտներին, որ այս առաջնությունը կարող է լավ առիթ հանդիսանալ զբոսաշրջային տների ավելացման և զարգացման համար: Օրենսդրական և վարչարարության առումներով բոլոր հնարավորությունները տրված են: Դրա համար պետք է գրանցվել ԱՀ ՄԵՀԶ-ում, փոխանցել տվյալներ, և, որոշակի նվազագույն ստանդարտների համապատասխանելու դեպքում, ցանկացած անձ կարող է նույնիսկ իր տունը գրանցել՝ որպես զբոսաշրջային, և ընդունել զբոսաշրջիկների: Նշեմ նաև, որ այս տարի  մեզ սպասվում է  ևս մեկ խոշոր մարզական միջոցառում՝ համահայկական խաղերի բացումը: Այնպես, որ այս տարի Արցախը բավականին հագեցած մարզական կյանքով է ապրելու: Կարծում եմ՝ սա կլինի մեկնարկ, և տենդենցը կպահպանվի նաև մյուս տարիներին:
- Պարո՛ն պետնախարար, առաջնությունը միայն մարզակա՞ն բաղադրիչ է ունենալու, թե՞ նաև ճանաչողական, մշակութային ծրագիր է նախատեսում:
-Միանշանակ, ոչ միայն մարզական: Այդ առիթը պետք է օգտագործենք նաև մեր երկիրը ամբողջ աշխարհին ներկայացնելու համար: Արցախ կայցելեն տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, համացանցային տիրույթում կլինի ուղիղ հեռարձակում: Այդ օրերին նախատեսում ենք նաև հագեցած մշակութային և այլ ժամանցային ծրագրեր: Իհարկե, հանդիսավոր միջոցառումը բացման արարողությունն է, որը կկայանա հունիսի 1-ին՝ հագեցած հետաքրքիր և դիտարժան ելույթներով: Փակման արարողությունը կլինի անմիջապես եզրափակիչ խաղից հետո, կրկին հանդիսավոր պայմաններում: Ընթացքում կլինեն համերգներ, հետաքրքիր միջոցառումներ ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում:
-Իսկ զբոսաշրջային վայրերի բարեկարգման կամ լրացուցիչ հետաքրքրությունների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տարվու՞մ են:
-Իհարկե, հաշվի են առնվել նաև այդ հանգամանքները, իսկ նշված աշխատանքները իրականացվում են ներդրումների միջոցով: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բարերարներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Արցախի կառավարությանը այս աշխատանքներն իրականացնելիս:
-Ունենալու ենք հարյուրավոր օտարալեզու հյուրեր, որոնց հետ աշխատելու համար կամավորների կարիք ունենք: Պատկան մարմինը հայտարարություն էր տարածել այդ մասին, և փաստը, որ օրեր առաջ հայտարարությունը կրկին տարածվեց, հի՞մք է տալիս ենթադրելու, որ անհրաժեշտ թվով կամավորներ դեռ չեն հավաքագրվել:
-Արդեն իսկ 100-ից ավելի կամավորներ են հավաքագրվել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետությունից և Սփյուռքից: Չեմ կարծում, որ կամավորների պակաս կունենանք, սակայն սա այնպիսի միջոցառում է, որ ցանկացած օգնություն կլինի տեղին:
-Պարո՛ն Մարտիրոսյան և, ի վերջո, արդեն ամբողջացվա՞ծ է, թե ինչքան գումար է հատկացվել նախապատրաստական աշխատանքների համար:
- Քանի որ աշխատանքները շարունակվում են, առայժմ վաղ է խոսել ծրագրի արժեքի մասին, սակայն այդ գումարները պետք է դիտարկել ոչ թե որպես ծախս, այլ՝ ներդրում: Սա վերաբերում է ոչ միայն շինարարական աշխատանքներին, այլ նաև մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպմանն ուղղված գումարներին, քանի որ այդ ծախսերը կարդարացվեն մեր երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնելիս:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search